Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ

Ջանքերի արդյունքում` կանանց միամսյակ

Ջանքերի արդյունքում`  կանանց միամսյակ

Ո՞վ է  ապրիլի 7-ի` համեմատաբար նոր տոնի հեղինակը`  հարցին պատասխանում է կանանց միամսյակի ստեղծման «մեղավորը» ՀՀ սփյուռքի նախարար, մեր համալսարանի կառավարման խորհրդի անդամ, Հայ կանանց միջազգային միության նախագահ Հրանուշ Հրանտի Հակոբյանը:

 

Գաբրիել հրեշտակապետը ավետում է Մարիամ Աստվածածնին, որ նրանից ծնվելու է Աստծո որդին` մարդկության Փրկիչը: Մեր անկախացման առաջին տարիներից Աստվածածնի Ավետման տոնը հռչակվեց իբրև մայրության տոն: Այդ օրը Հայոց եկեղեցու բոլոր տաճարներում սբ. պատարագի ավարտին կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ:

 

Քանի որ ապրիլի 7-ին նախորդում է մարտի 8-ը, մեր իրականության մեջ կանանց օրը կամաց-կամաց վերածվեց կանանց միամսյակի: Այս մասին է մեր զրույցը տիկին Հրանուշ Հակոբյանի հետ:

 

- Մարտի 8-ը նախորդ դարերում խմորված տոն է: Այն առաջ է քաշվել 1910 թվականին` հայտնիգերմանուհի սոցիալ-դեմոկրատ, հեղափոխական Կլարա Ցետկինի կողմից և մինչ օրս նշվում է: Ցետկինը միջազգային ասպարեզում կարողացավ հասնել այն բանին, որ որոշ չափով պաշտպանվեցին կանանց իրավունքները, նրանց տրվեցին որոշակի արտոնություններ, ընդունվեց համապատասխան հռչակագիր: Մարտի 8-ը օրացույցում կարմիրով նշվեց և հռչակվեց կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օր: Մինչև Խորհրդային Միության ստեղծումը կանայք ամեն տարի ցույցեր էին անում, փողոց էին դուրսգալիս և պահանջներ ներկայացնում, նույնիսկ երթեր էին կազմակերպում`գդալներով հարվածելով կաթսաներին: Նրանք այդ կերպ ընդվզում էին ցածր աշխատավարձի և աշխատանքային ոչ բարենպաստ պայմանների դեմ, պահանջում էին նոր իրավունքներ, որովհետև 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը կանայք ո´չ ընտրելու, ո´չ ընտրվելու, ո´չ էլ, բնականաբար, պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեին: Խորհրդային տարիներին, սակայն, Մարտի 8-ի իմաստը փոխվեց: Բնականաբար, իշխանությունը թույլ չէր տա, որ որևէ մեկը խոսեր իրավունքների պաշտպանությունից, այդ պատճառով էլ մարտի 8-ը հայտարարվեց Կանանց միջազգային օր` առանց «պայքար» և «իրավունք» բառերի: Ուղղակի տոն` նշելու, հիշելու կանանց, մանավանդ որ խորհրդային տարիներին կանայք թե´  տնտեսության, թե´  մշակույթի և կրթության բնագավառում, ինչպես նաև քաղաքականությունում, լուրջ դերակատարություն ունեին: 

 

Հայաստանի անկախացումից հետո մեր ազգային տոնացույցից Մարտի 8-ը ընդհանրապես հանվեց: Համարեցին, որ դա Խորհրդային հասարակարգի մնացուկ է և չպետք է տոնել: Չնայած օրացույցում այդ տոնը չկար` մեզ մոտ շարունակում էին տոնել այն, և ես, լուրջ քննարկումներ ունենալով խորհրդարանի տարբեր խմբակցությունների, կուսակցությունների ներկայացուցիչների հետ, հասկացա, որ Մարտի 8-ը վերականգնել հնարավոր չէ: Ուստի նախաձեռնեցի և շատ դժվարությամբ խորհրդարանին կարողացա համոզել` ապրիլի 7-ը հռչակել Մայրության ևգեղեցկության տոն: Տարիներ հետո, երբ խորհրդային նախկին կարգերի նկատմամբ հասարակական թշնամանքը մեղմվեց, 2002 թվականին մենք վերականգնեցինք նաև Մարտի 8-ը, իսկ մինչ վերականգնումը ես հայտարարեցի, որ Մարտի 8-ը միջազգային տոն է, ՄԱԿ-ի կողմից ընդունված օր, հետևաբար որևէ մեկը ո´չ փոխել կարող է, ո´չ հանել, ո´չ էլ արգելել այն: Նաև նշեցի, որ կանանց տոնը մենք սկսելու ենք մարտի 8-ին և ավարտելու ենք ապրիլի 7-ին: Այդպես ծնվեց «մեկամսյակի» գաղափարը: Այնուհետև մենք տոնացույցով վերականգնեցինք Մարտի 8-ը, և արդյունքում հայ կինն այսօր երկու տոն ունի` Կանանց միջազգային օրն ու Մայրության ևգեղեցության օրը:

 

- Իսկ ո՞րն է այս տոներից Ձեզ համար առավել ընդունելին:

 

- Քանի որ ես այս երկու տոների կայացման կենտրոնում եմ եղել` մեկի ստեղծման, մյուսի վերականգնման առումով, դրա համար երկուսն էլ թանկ են ինձ համար: Ո´չ նրա համար, որ ինքս կին եմ, այլ նրա համար, որ ես նախաձեռնողն ու կազմակերպիչներից եմ եղել տոների, որոնց արդյունքում մի ողջ ամիս հասարակության ուշադրությունը բևեռվում է կանանց վրա: Այդ օրերին մարդիկ կարծես ավելի մեղմանում են, ջերմանում, բարիանում: Կարծում եմ` որքան մեր կյանքում տոները շատ լինեն, հասարակությունը այնքան բարի կլինի, ջերմ կլինի, այնքան միավորված կլինի, և տա Աստված, որ մեր կյանքի մնացած օրերն էլ տոնի վերածվեն, որովհետև ինչքան հոգիդ խնդուն է, հանգիստ է և ոգևորված, այնքան աշխատանքդ հետաքրքիր և արդյունավետ է:

Հեղինակ. Ս. Թորոսյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ